ԴԱ ԱՐԴՅՈ՞Ք ԴՈՒ ԵՍ, ԱՍՏՎԱ՛Ծ БУДУ! · страница 2 из 39
Страница 2 из 39

БУДУ!

14 июня 2024, 21:55

Շատ տարիներ երազել էի միսիոներ դառնալու մասին, բայց միսիոներական դպրոցների դռները փակվում էին իմ առաջ։ Երևի Աստվածն ինձ ուրիշ ճանապարհ ուներ ցույց տալու։ Բայց հարկադրվեցի սովորել DTS-ում, երբ այլևս այդպիսի ցանկություն չունեի։ Եվ գաղափար էլ չունեի, որ այդ DTS-ը այն իմ երազած միսիոներական կոչված դպրոցն էր։
Սերգեյն էր սովորել նախորդ տարի և շատ էր հավանել։ Նա ձմռանն ինձ էլ խորհուրդ տվեց, և ես զրույցի մեջ խոստացա, որ երբևէ կդիմեմ, բայց եկավ ամառը, երբ սկսվելու էր այդ տարվա դասընթացը, և Սերգեյի խորհուրդները վերածվեցին պնդումների՝ առանց ընտրության։ Ընտրելու հնարավորություն մարդ միշտ էլ ունի, բայց դա կանդրադառնար մեր հարաբերությունների վրա։ Որքան էլ որ դպրոցի դեմ ոչինչ չունեի, բայց երբ Սերգեյը պնդում էր, հակակրանք էր առաջանում դպրոցի հանդեպ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ես ստիպված էի իմ կամքին դեմ գնալ, այլ հակակրանք էր առաջանում ավելի օբյեկտիվ պատճառներով։
Ես սովորել եմ երկու աստվածաշնչյան դպրոցում, կիսատ թողել եմ մեկ միսիոներական դպրոց, եղել եմ մի քանի տարբեր եկեղեցիներում, և դրանք բոլորը՝ բոլորը անխտիր, հավատում են, որ իրենք, եթե ոչ ընդհանուր առմամբ, ապա գոնե իրենց տարածքում լավագույնն են, միակն են, եզակին են, ամենա-ամենան են։ Եվ Սերգեյն էլ միամիտ երեխայի նման հավատում էր, որ իր սովորած դպրոցն ամենալավն է, ու ես վստահ էի, որ նրան այնտեղ են այդպես ներշնչել։ Դպրոցի հանդեպ նրա ունեցած մոլեռանդ մեծարանքը դպրոցի մասին ոչ մի լավ բան չէր ասում։ Դա միայն նշան էր, որ այդ դպրոցը սնափառությամբ ու ինքնամեծարանքով տարված մարդկանց հերթական խումբն է։
Նաև Սերգեյի հանկարծակի որոշումն ու հարկադրանքն էր շատ տարօրինակ։ Այո՛, ես խոստացել էի, որ կսովորեմ, բայց ոչ այդպես հապշտապ։ Նախ, այդ տարի մենք
պլանավորել էինք ամուսնանալ, և բացի դա, ես այդ տարվա համար նաև այլ պլաններ ունեի և ավելի քան վստահ էի, որ իմ այդ պլաններն Աստծուց էին, իսկ Սերգեյը ոչինչ չէր ցանկանում լսել։ Նա ցանկանում էր, որ ես դիմեի հենց ա՛յդ դպրոցը հենց ա՛յդ տարի և չէր ընդունում ոչ մի պատճառաբանություն։ Պահանջում էր ու պնդում էր, որ դա էր Աստծո կամքը։ Այնպիսի տպավորություն էր, որ մեր ամուսնության ամենակարևոր նախապայմանն իմ DTS-ի դիպլոմն էր։
Երբ իմ համառությունից Սերգեյի համբերությունը սպառվեց, վերջապես բաց թողեց Աստծուն ու իր անունից խոսեց.
-Наре, я хочу, чтобы училась.
Я.
Բարկությունից առանց երկար ու բարակ մտածելու պատասխանեցի.
-Буду.
Դա ավելի շատ թշնամանք էր, քան համաձայնություն։
Եվ ասացի, որ նա ինձ հետ վարվում է այնպես, ինչպես իր հովիվն իր հետ, բայց նա դրանից չսթափվեց։ Ամեն օր բարևից անմիջապես հետո հարցնում էր, թե արդյոք դպրոցին գրեցի՞, թղթերը լրացրի՞, ուղարկեցի՞, և երբ պատասխանն իրեն գոհացնում էր, գրում էր՝ хорошо ու գնում էր։ Ես ձգձգում էի, բայց մի օր էլ այսպիսի բան ասաց. «Իմ հովիվը հարցնում է՝ դու գնալո՞ւ ես դպրոց, թե՞ ոչ»,- ու պատասխանն ստանալուն պես գնաց հովվին տեղեկացնելու։ Այ քեզ բա՜ն։ Հովվի ինչի՞ն է պետք։ Բայց մտածեցի՝ դե մարդ է, հետաքրքրվում է։
Դպրոցում սովորելու միտքը միշտ չէր, որ այդպես վատ էր թվում։ Մի քանի դրական կողմ էլ կար։ Քույրս նույնպես սովորել էր այնտեղ և, անհամեմատ ավելի օբյեկտիվ տեսանկյունից գնահատելով, դպրոցից գոհ էր։ Դա փոքր-ինչ թեթևացնում էր իրավիճակը։
Մյուսը, որ ինձ համար ավելի կարևոր էր, այն էր, որ դա տնից փախչելու առիթ էր։ Իմ ծնողները չէին կարողանում սիրել իրենց երեխաներին։ Նրանք դրա համար իրենց պատճառներն ունեին, բայց ես դեռ պատանեկությունից տնից հեռանալ էի ուզում։
Սակայն որքան էլ որ ինձ համար շահարգրգռող պատճառներ ունենայի, միևնույն է, սթրես էի տանում ու սրտխփոց էի ունենում ամեն անգամ դպրոցը հիշելիս։ Մի կողմից ուրախ էի, որ վերջապես տնից կգնամ, մյուս կողմից տագնապում էի՝ մտածելով, որ հնազանդվել եմ ոչ թե Աստծուն, այլ Սերգեյին։
Սթրեսներն ուրախությունից շատ էին, քանի որ բացի այն, որ դպրոցը դուրս էր իմ բոլոր պլաններից, նաև տանն էլ չգիտեի, թե ինչ ասել։ Հայրս բռնարար աթեիստ է՝ դեմ քրիստոնեական արժեքներին։ Իմ դավանանքը միշտ գաղտնի էր եղել։ Ի՞նչ ասեի՝ ո՞ւր էի գնում։
Իսկ Սերգեյին ոչինչ չէր հուզում։ Կարծես՝ մի բռնարար էլ նա լիներ։ Ինձ այստեղ հարկադրանքով համոզում էր, որ դիմումն ուղարկեմ, իսկ այնտեղ իր հովվին խաբում, թե ես իմ կամքով եմ դիմում։
Ես ցանկանում էի հրաժարվել, բայց Աստվածն ասում էր, որ արդեն խոստացել եմ ու պետք է գնամ։
Որքան էլ փորձում էի հրաժարվել, չէի կարողանում. Աստվածն ամեն կողմից շրջանցում էր իմ պատճառաբանությունները։
Ես գրեցի դպրոցի տնօրենին, որ ես անձամբ չեմ ցանկանում, բայց փեսացուս է պնդում, որ դիմեմ, նաև անկետայի մեջ նշեցի իմ բոլոր առողջական խնդիրների մասին որքան հնարավոր էր մանրամասն՝ հույսով, որ կմերժեն, բայց ընդունեցին։
Ես միայնակ մեկնել չէի կարող, պարզվեց, որ Ռուզանն ու Արամը, որ ծանոթ էին ինձ, այդ կազմակերպությունից են և գնալու են իրենց մեքենայով ու կարող են վերցնել ինձ։
Ես պատճառաբանում էի, որ Աստծո պլանները խառնվում են դպրոցի պատճառով, բայց Նա դա համեմատում էր, իմ՝ բաժակները լվանալու և հատակը մաքրելու հերթականության խառնվելու հետ, բայց նաև պատվիրեց, որ պարկաթոռը՝ դպրոցում հայտնի пуфик-ը, և անգլերեն գիրքը, որ թարգմանում էի հայերեն, հետս տանեմ։
Եվ այդպես, կարծես թե բոլոր հարցերի պատասխաններն արդեն կային, բայց այդպես էլ կիսատ մնաց առողջական խնդիրների հարցը։ Անկետայի մեջ նշելուց բացի ուրիշ ոչինչ չձեռնարկեցի։ Ո՛չ ես հարցեր տվեցի, ո՛չ նրանք։ Ես չհետաքրքրվեցի, թե արդյո՞ք այնտեղ կային իմ առողջական խնդիրներին համապատասխան պայմաններ, նրանք էլ չհետաքրքրվեցին, թե արդյո՞ք այդպիսի առողջական վիճակ ունեցող ուսանողին սարի կատարին՝ անտառում գտնվող և բժշկական օգնության հնարավորությունից զուրկ բազայում ընդունելը ռիսկային էր, թե ոչ։
Ես աշխատում էի գործատուի մոտ և ծանրաբեռբեռնվածությանը դիմանում էի ու վստահ էի, որ այդ դպրոցում սովորելն անհամեմատ ավելի հեշտ էր լինելու, քան իմ աշխատանքը։ Իսկ եթե դժվարանայի, վստահ էի իմ ողջ էությամբ, որ ես քրիստոնյաների մոտ էի գնում՝ ամենահոգատար, ամենաըմբռնող մարդկանց մոտ, և հոգ չտարա ինքս ինձ համար։ Քույրս էլ հաստատեց. «Այնտեղ նման բաները հասկանում են»։
Բայց այդ ողջ նախապատրաստության ժամանակ Աստվածը հուշում էր, որ հետաքրքրվեմ՝ առավոտյան մարզանքներ հո չկա՞ն։ Ես առավոտներն այնպիսի թուլություն էի ունենում, որ հոգնում էի նույնիսկ շորերս հագնելուց։ Ի՞նչ մարզվելու մասին կարող էր խոսք լինել
-Մարզանքների հարցը մի հատ ճշտի՛ր։
-Լա՛վ, մանկապատանեկան ճամբար չի, չափահաս մարդիկ ենք, որ տեսնենք չեմ կարողանում մարզվեմ, ուրեմն չեմ կարողանում,- ինձ բավականին տարօրինակ էր թվում նման հեղինակավոր դպրոց մեկնելուց առաջ ինչ-որ մարզանքների մասին հարցնելը։ Երեխա հո չե՞նք։
Մինչև վերջին պահն Աստվածը հուշում էր, մինչև վերջին պահն այդպես պատասխանում էի։
Իմ ամենաուժեղ սթրեսներից մեկը հորս թույլտվության հետ կապված խնդիրն էր, բայց ի զարմանս ինձ, լուծվեց հեշտից էլ հեշտ։ Հագուստի մոդելավորման դասերի էի մասնակցել Երևանում, խառնեցի այդ դասերի հետ ու ասացի, որ գնում եմ սովորելու մի քանի ամսով։ Թեև խաբել չի կարելի, բայց վստահ եմ, որ երեսունն անց տարիքում իմ կամքին բռնացողին հաշիվ պիտի չտամ իմ կյանքն ապրելիս, այլ պիտի ջանամ անկախ լինել։
Որքան էլ տարօրինակ էր, առարկություն չեղավ՝ հակառակ այդ օրերի իմ դողէրոցքին։
***
Եվ ահա, արդեն հատում եմ հայ-վրացական սահմանը։ Անձնագիրը ձեռքիս մոտեցա անցակետին։
— Առաջին անգա՞մն եք դուրս գալիս երկրից։
— Այո՛,- ժպտացի։
Անընդհատ նայում էի անձնագրիս առաջին կնիքին։ Այնպե՜ս ուրախ էի։ Ինձ թվում էր՝ բանտարկված թռչունն էր փախչում վանդակից։